25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բրիտանական ֆիլմերի 10-րդ հոբելյանական փառատոնը Երեւանում

Մարտի 10-ին ժամը 16.00-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 10-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողությունը: Բացման խոսոքով հանդես կգան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ բրիտանացի կինոռեժիսոր Մայքլ Ուայթը:

Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 10-ամյա հոբելյանի շրջանակում կազմակերպվող Բրիտանական ֆիլմերի 10-րդ փառատոնի ընթացքում կցուցադրվի բրիտանական արտադրության տասը ֆիլմ: Բազմաժանր ֆիլմերը ներկայացնում են պատմություններ բրիտանացիների առօրյայից, ներկայացնում համամարդկային խնդիրների նրանց ընկալումները, բացահայտում ժամանակակից աշխարհում սեփական ճակատագրի համար պայքարող մարդկանց ապրումները: Ֆիլմերը նվիրված են 2012 թվականի Օլիմպիական խաղերին, Չ.Դիքենսի երկուհարյուրամյակին եւ հասարակության ու անձի փոխհարաբերությունների հիմնախնդիրներին:

Փառատոնի բացումը տեղի կունենա մարտի 10-ին Մոսկվա կինոթատրոնում ‘’Հրակառքեր’’ ֆիլմով: Այն հիմնված է իրական պատմության վրա եւ ներկայացնում է 1924 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում երկու մարզիկների պայքարը:

Փառատոնի պատվավոր հյուրերն են ծրագրում ընդգրկված ‘’Մեծագույն սեր’’ ֆիլմի ռեժիսոր Մայքլ Ուայթն ու գեղանկարիչ Րիս Ուայթհեդը: Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնում ընդգրկված ‘’Կյանքը մեկ օրում’’ ֆիլմի ստեղծմանն են մասնակցել հայ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանն ու դերասան Արսեն Գրիգորյանը: Ֆիլմը, որը ներկայացնում է աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց մեկ օրվա պատմությունը, կցուցադրվի մարտի 15-ին Մոսկվա կինոթատրոնում:

Հանդիպումների ու վարպետության դասընթացների անցկացմանը զուգահեռ փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը, Կովկասյան ինստիտուտը եւ Ռուբեն Մանգասարյան մեմորիալ հիմնադրամը կազմակերպում են վավերագրական լուսանկարչության դասընթաց: Այն կվարի Լոնդոնի Արվեստների համալսարանի Հաղորդակցության լոնդոնյան քոլեջի դասախոս Պատրիկ Սադերլենդը:

Հայաստանում ֆիլմերի գրախոսության եւ կինոքննադատության զարգացմանն աջակցելու նպատակով փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը եւ Կինոքննադատների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ հայտարարում է ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթ: Մասնակիցները պետք է գրեն փառատոնում ընդգկված ֆիլմերին նվիրված գրախոսություն, որոնցից լավագույնի հեղինակը կպարգեւատրվի Apple iPad 2-ով:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի ֆիլմերը մարտի 1-ից-11-ը ցուցադրվելու են հանրապետության երեք մարզերում` Վանաձորում, Բերդում եւ Գյումրիում: Երեւանում մարտի 10-ից -19-ը Մոսկվա եւ Նաիրի կինոթատրոններում ֆիլմերը կցուցադրվեն 17.00-ին անգլերեն, իսկ 19.00-ին` հայերեն ենթագրերով:  Փառատոնի ցուցադրությունների մուտքն ազատ է: Ցուցադրություններից առաջ կներկայացվեն նաեւ բրիտանական կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին:

Henaran.am-ին հաղորդում են Հայաստանում Բրիտանական խորհրդի մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ